«ԲՈՀԵՄ» գրական-երաժշտական խումբը ստեղծվել է 2016 թվականի մարտին` հեղինակ-կատարող Ռուբեն Քամալյանի և բանաստեղծ Գոռ Հարությունյանի կողմից: «Ինքնահայեցում» խորագիրը կրող անդրանիկ ելույթով խումբը «Գոյ» թատրոնում ներկայացել է նույն թվականի մարտի 30-ին` նշելով Ռուբեն Քամալյանի ծննդյան 35 և ստեղծագործական կյանքի 15-ամյակները: Հենց այս առաջին փորձարարական ելույթն էր որոշիչ` խմբի հետագա գործունեության համար, քանի որ ներկա էին հիմնականում երիտասարդներ և հայ իրականության մեջ բավականին ճանաչում գտած մշակույթի երիտասարդ գործիչներ, որոնցից բանաստեղծական վեց ժողովածուների հեղինակ Դավիթ Մշեցին, բազմաթիվ ներկայացումներում և հեռուստանովելներում աչքի ընկած դերասան Կարեն Հովհաննիսյանը, միջազգային երգարվեստի փառատոններում ոսկե մեդալակիր, երգիչ Հայկ Մխոյանը և այլոք: Խմբի ստեղծման հիմանական նպատակը ժամանակակից պոեզիան նորովի ներկայացնելու, հանդիսատեսի համար հնարավորինս հեշտ ընկալելի դարձնելու գաղափարն էր, որի ներկայացման ձևաչափը պոեզիայի և հեղինակային երգի ներքին բովանդակային կապի պահպաումն ու գաղափարապես միմյանց շարունակելն է: Այսինքն` հեղինակ-կատարողի ասելիքն ու միտքը շարունակվում է պոետի խոսքի մեջ, նրա մտորումներում և հակառակը: Ծրագիրն ավելի բազմաբովանդակ դարձնելու և լիրիկական ժանրը հարստացնելու նպատակով` որոշ ժամանակ անց, «ԲՈՀԵՄ» խմբին միացավ նաև երրորդ անդամը` հեղինակ-կատարող Վահե Քոչարը: Եռյակով առաջին համերգը տեղի ունեցավ Երևանի «Ֆորշ» ակումբում` 2016թ-ի հունիսի 28-ին: Համերգի երաժշտական մասն ավելի թարմ ու հետաքրքիր դարձնելու նպատակով խմբին հաճախ միանում և երկրորդ կիթառով նվագակցում է նաև հեղինակ-կատարող, սոլոկիթառահար Գագիկ Շիբոյանը: Ահա, այս կազմով խումբը, չնայած իր ստեղծման ոչ երկար պատմությանը, արդեն մոտ տասհինգ մեծ ու փոքր համերգային ծրագրերով ներկայացել է Երևանում և հայաստանյան մարզերում, ջերմորեն ընդունվել է գրեթե բոլոր տարիքային խմբերի արվեստասեր հասարակության կողմից և արժանացել շնորհակալագրերի ու պատվոգրերի, որոնցից մի քանիսի մասին կնշվի ստորև: «ԲՈՀԵՄԸ» նախ և առաջ լինելով գաղափարական միավոր, որը ժամանակակից երաժշտության և պոեզիայի գեղարվեստական մատուցման միջոցով փորձում է տեղ հասցնել իր ասելիքը, կրում է նաև սոցիալական պատասխանատվություն և ժամանակ առ ժամանակ իրականացնում է բարեգործական համերգ-ելույթներ: Այս նպատակով` «Արմավենի» բարեգործական հիմնադրամի, և հատկապես` հիմնադրամի տնօրեն, աշխարհում մեծ ճանաչում ունեցող ոսկրաբան Արշակ Միրզոյանի հետ համատեղ մի համերգ խումբն իրականացրել է 2016 թվականի հոկտեմբեր 17-ին` Երևանի տիկնիկային թատրոնում, որը կրում էր «Քայլիր Հպարտ» խորագիրը: Այս համերգի ողջ հասույթն ուղղվեց ոսկրային խնդիր ունեցող 14-ամյա մի աղջնակի վերականգնողական բուժմանը: Համերգից հետո արձագանքները բավականին ջերմ էին ու պարտավորեցնող: Տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն իր ելույթում ասաց. «Այս նախաձեռնության և, ընդհանրապես, «ԲՈՀԵՄ» խմբի գործունեության նշանակությունը շատ ավելի մեծ է, քան մի բարեգործական համերգը` իր ողջ հասույթով»: Իսկ «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Լուսինե Նազարյանն էլ ասաց. «Բավականին ստացված երեկո էր, շատ գեղեցիկ ու ներդաշնակ էր, ամբողջական կոմպոզիցիա էր ստեղծված»: Օրեր անց, «Արմավենի» բարեգործական հիմնադրամը խմբին հանձնեց շնորհակալագիր` համագործակցության և բարեգործական ծրագիր-ելույթներ նախաձեռնելու համար: 2017 թվականի մարտի 7-ին «ԲՈՀԵՄ» խումբը համերգային ծրագրով ելույթ ունեցավ Մասիս քաղաքում: Քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից պարգևատրվեց շնորհակալագրով` համագործակցության և Մասիս քաղաքի մշակութային կյանքում ներդրում անելու համար: 2017 թվականի մայիսին «Ես հայ եմ» համահայկական նախագծի նախաձեռնող խմբի կողմից ևս «ԲՈՀԵՄՆ» արժանացավ պատվոգրի` համագործակցության և հայ ժամանակակից արվեստի քարոզման ու տարածման համար: 2017 թվականի փետրվար ամսին Լրատվական վերլուծական խմբի կողմից «ԲՈՀԵՄՆ» արժանացավ տարվա հայտնություն, իսկ «Հարավային կովկաս» մամուլի ակումբի կողմից` կողմից արժանացավ տարվա լավագույն հեղինակային խումբ կոչմանը: «ԲՈՀԵՄ» խումբը 2017 թվականի ապրիլ ամսից իր համերգային ծրագրերից մեկը դարձրել է խաղացանկային (ռեպերտուարային) և յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ հրավերով ելույթ է ունենում երևանյան մշակութային ամենահարգի ակումբներից որևէ մեկում: «ԲՈՀԵՄ» գրական-երաժշտական խմբի գործունեությունը բազմաթիվ անգամ լուսաբանվել է հայաստանյան թե´ տպագիր, թե´ էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից, ինչպես նաև`ամենատարբեր հեռուստառադիո հաղորդումների և ծրագրերի միջոցով` Հանրային ռադիո, Լրատվական ռադիո, Երկիր մեդիա, Կենտրոն, Ա Թիվի և այլն: «ԲՈՀԵՄ» խումբն իր գործունեությունը ներկայացնող և լուսաբանող արդեն չորս հոլովակ ունի: Խմբին իրենց գործնական և բարոյական աջակցությամբ սատարաում են մշակույթի, գիտության և արվեստի ժամանակակից այնպիսի գործիչներ, ինչպիսիք են` հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը, ճարտարապետ, հեղինակ-կատարող Արթուր Մեսչյանը, ազատամարտիկ, ֆիզիկոս, պարուսույց, ՀՀ վաստակավոր արտիստ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, հեղինակ-կատարող Դավիթ Ամալյանը, թատրոնի և կինոյի դերասան Սամվել Թոփալյանը և այլոք:

  • Գոռ Հարությունյան - Քեզնից հետո
  • Գոռ Հարությունյան - Ժամը
  • Ռուբեն Քամալյան - Ես ծնվել եմ
  • Ռուբեն Քամալյան - Մնա ինձ հետ
  • Ռուբեն Քամալյան - Հավերժ պայքար
  • Գագիկ Շիբոյան - Ձոն Վարպետին
  • Գագիկ Շիբոյան - Հիշեցում
  • Գագիկ Շիբոյան - Հեքիաթ
  • Գագիկ Շիբոյան - Հարցաշար
  • Ռուբեն Քամալյան - Հարբեցողը
  • Ռուբեն Քամալյան - Ներում
  • Ռուբեն քամալյան - Կռիվ
  • Ռուբեն Քամալյան - Մանկության պատրանք




Email: boheme@bohem.am, Phone.՝ +374 77 719 197